Արհեստները Հայաստանում

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձր արժեք ունեցող արտադրանք: Առավել հին  են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները:
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից  զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները,  եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից:  Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը:
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝  մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները( սրանք նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբեր էին՝ կոշկակարների, քանդակագործների….):

Գդակագործություն

Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում:  Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ  Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետները մեկ կամ երկու հոգի են:
Օրինակ՝ գյումրեցի տղամարդու գլխարկը ՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։

Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը: Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է հեռու մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Մուշուրբա կամ կլկլան բաժակ

Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում: Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *